Գայանե Ղազարյանը լրագրող և հետազոտող է Երևանից: Օգտագործելով բանավոր պատմությունը որպես իր հիմնական մեթոդաբանություն, նա ուսումնասիրում է տան, տեղահանության և մշակութային ինքնության պատմություններ: Գայանեն նաև զբաղվում է վավերագրական լուսանկարչությամբ և դասավանդում լուսանկարչություն Թումո կենտրոնում: Նրա վերջին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Միրա Թովմասյանը ուսանող է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ով ծնվել և մեծացել է Քարին Տակ գյուղում, Շուշիի շրջան, որը այժմ գտնվում է ադրբեջանական տիրապետության ներքո։ Միրան սովորում է ռուսերեն և ռուսական գրականություն, ինչպես նաև՝ աշխատում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ուսուցանող մարզիչ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և չճանաչված Արցախի Հանրապետությունը (կամ Լեռնային Ղարաբաղը) կապող միակ ճանապարհը, արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի հազարավոր բնակիչներ մնացել են առանց բավարար սննդի, դեղորայքի և բժշկական օգնության։ Գազի և էլեկտրաէներգիայի անջատումները, ինչպես նաև՝ բացահայտ ռազմական ագրեսիան, ներառյալ ուղղակիորեն Հայաստանի դեմ, պարբերաբար շարունակում են տեղի ունենալ 2020 թվականից, երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Արցախի տարածքի մի մասը։ Ռուս զինվորականները, որոնք պետք է խաղաղություն պահպանեն տարածաշրջանում, իրականում չեն կարողանում ապահովել տեղի խաղաղ բնակիչների անվտանգությունը։
Միրա Թովմասյանն ապրում է արգելափակված Ստեփանակերտում և հենց հիմա այնտեղ է։ Երկու տարի առաջ՝ Արցախյան Երկրորդ պատերազմից հետո, նա և իր ընտանիքը, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված եղան լքել իրենց տները՝ թողնելով Ադրբեջանին։ Այս պատերազմի և Ռուսաստանի դերի, գաղութային բռնության և աքսորի, հույսի և լեզվի մասին, որը տուն է դառնում, երբ տունը խլում են, Միրան խոսեց երևանցի հետազոտող Գայանե Ղազարյանի հետ:
Միռա – Բարև բոլորին։ Ես Միռան եմ, 20 տարեկան։ Ապրում եմ Արցախում՝ քաղաք Ստեփանակերտում ու էդքանը։
Գայանե – Ես Գայանեն են։ Ես էլ ապրում եմ Երևանում, 25 տարեկան եմ։ Զբաղվում եմ շատ տարբեր բաներով, հիմնականում ինձ անհանգստացնում ա մարդու իրավունքների հարցրեը, մշակութային հարցերը, էթնիկ խմբերի հարցերը։
Էս պահին ես ու դու, Միռա, գտնվում ենք իրարից 300ից ավել կիլոմետրի վրա, չէ՞, ու էդ կիլոմետրի հինգ կիլոմետրը շատ խնդրահարույց վիճակում ա։ Ինձ թվում ա՝ արժի մի հատ էդ թեմայով խոսել։ Էս քանի օրը ի՞նչ զգացողություններ ա մոտդ։ Ու որ մարդիկ հասկանան ինչ նկատի ունենք՝ էդ միակ ճանապարհը Հայաստանը Արցախին կապող, էդ հինգ կիլոմետր միջանցքը էս պահին բլոկադայի մեջ ա ադրբեջանցիների կողմից ու էդ միակ ճանապարհն ա, որ թույլ ա տալիս Հայաստանից որևէ ինչ-որ անհրաժեշտություն հասնի Արցախ, կամ եթե մարդիկ բժշկական կարիք ունեն, գան-հասնեն Հայաստան, Երևան գան բուժվելու և այլն։ Էս երկու օրը ո՞նց ես զգում դրա հետ կապված։
Միռա – Իրականում սկզբում շատ պատահական եմ իմացել ու համարյա էմոցիա չկար։ Նու հիմա էլ համարյա էմոցիա չկա, որովհետև չգիտեմ, միգուցե ներքուստ ա էդ արդեն, որ պանիկայի հաստատ չեմ մատնվում։ Փորձում եմ սառը դատեմ ու երբ իմացա, մտածեցի, որ շուտով բացելու են ու հիմա էլ էդ կարծիքին եմ, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ մեզնից ա կախված։ Եթե բոլորս որոշենք, որ սա մեր իրավունքներն ա, սա մեր տունն ա ու եսիմ որտեղից եկած քոչվորները իրավունք չունեն ոչ մի էդպիսի գործողություն կատարեն ու հավաքվեն, սաղովի գնանք-հասնենք էնտեղ, մի բան հաստատ փոխվելու ա։ Իրականում ճանապարհը էն հատվածում, որտեղ իրանք են, էդտեղից մինչև ռուսների կետը, որը գտնվում ա հենց Ստեփանակերտի մուտքի մոտ, ինքը երևի մի 2-3 կմ ա։ Էս հատվածն էլ ա հիմա փակ, այսինքն՝ ռուսները կենտրոնացել, երկու հատվածով փակել են՝ համ Ստեփանակերտի մուտքի մոտից են փակել մեր զինվորների հետ միասին համ էլ հենց Շուշիի տակը՝ Քարին Տակի մոտ, որտեղ իրանք հիմա հավաքված են, էնտեղ էլ են փակել, որ մենք չկարողանանք գնանք, ոչ մի կոնֆլիկտ չառաջանա։
Իրականում իրանք՝ մեր հարևանները [ադրբեջանցիները], ներկա պահին գնալով ավելի շատանում են ու երևի տեսած կլինեք վիդեոները, որտեղ եսիմ ինչ տիկիններ եսիմ որտեղից եկած, եսիմ ովքեր կանգնել են էն հողի վրա, որտեղ ես ամբողջ իմ գիտակից կյանքն եմ ապրել, իմ գյուղի հենց տարածքում կանգնում ու ասում են, որ «էս մեր հողն ա, եկել ենք էստեղ։ Մենք եկել ենք էս կամ էն»։ Իրականում ինձ ահավոր ջղայինացնում ա էդ պահը ու սենց մեջս մի հատ բան կա, ինձ միշտ ուտում ա, ասում ա՝ չի կարա էլի սենց բան լինի, այսինքն՝ իրանք էնքան անասունություններ են անում, դրա համար պատիժ չկրե՞ն բա։ Ինձ թվում ա կրելու են, էստեղ չկրեն, էն կյանքում են կրելու, որովհետև հնարավոր չի մարդ արարածը, իրեն գիտակից հաշվող ինչ-որ մեկը էդպիսի բաներ անի ու չգիտեմ, ներքուս միշտ մի ուժ կա, որը ինձ ասում ա էս սենց չի մնալու, այսինքն՝ հիմա իրանք էդպես են անում, բայց էլ տենց չի լինելու ու միշտ համոզմունք կա մեջս, որ մի բան դեպի լավը փոխվելու ա ու ինքը կարդինալ սենց փոխվելու ա։ Այսինքն միանգամից շրջվելու ա ու 180 աստիճանով, ես չգիտեմ խի դրա մեջ վստահ եմ ու ինձնից կախված ամեն բան փորձում եմ անեմ, որ դրան նպաստեմ, որովհետև ահավոր ա էդ ամեն ինչը, որ դու զգում ես։ Իրականում չես պատկերացնում, չես գիտակցում, որ էդ քո հետ ա կատարվում, էդ էնպիսի բան ա, որ կարող ա դու պատկերացնեիր մտքիդ ծայրով, բայց չերևակայեիր, որ դա իրականում կարող ա կատարվի քո հետ, բայց փաստը մնում ա փաստ, որ հիմա կատարվում ա, բայց կարող եմ ես ինձնից ասել, որ ես չեմ կոտրվում։ Ինձնից կախվածը ես անելու եմ։
Գայանե – Ինձ թվում ա էս ամեն ինչը իրանով տակտիկ ա, որ մարդկանց կոտրեն, որովհետև նոր չի էլի։ Ինչ-որ նախշ ա դարձել՝ ինչ-որ մի բան մտածում են ու քանի դեռ հլը չի կոտրվում մարդը, իրենց տակտիկան չի աշխատում՝ լիովին չի աշխատում, միգուցե որոշ չափով, բայց ամբողջովին չէ։ Մեկ էլ էդ իբր «բնապահպաններն» են, չէ՞ ճանապարհները փակում։
Միռա – Իրականում կարամ ասեմ, որ էդ մի քիչն էլ շատ չնչին տոկոս ա, որովհետև էստեղ մարդիկ հիմնականում, չգիտեմ ինչ տեսակի մարդիկ են [թեթև ծիծաղով], հիմնականում չեն մտածում՝ վա՜յ, բլոկադայի մեջ ենք բան, էս չկա, էն չկա։ Իրականում տուն գալուց, դե գիտեք, որ գազ էլ չունենք հիմա, մենակ մեքենաներն էին շատ, որ գազով լիցքավորվում էին, բայց չգիտեմ, սենց մի բառ կա բարբառում, ասում են կռո։ Էդ նշանակում ա շատ պինդ, շատ ամուր ու վստահ կարամ ասեմ, որ էդ տենց ա։
Գայանե – Այսինքն մարդիկ հաստատակամ են էս պահին։
Միռա – Մարդիկ հաստատակամ են։ Չենք տրվում սադրանքների։ Սաղ տներում են։ Օրինակ գազ, որ չկա, ջեռուցում չկա, տաք ջուր չկա և այլն, մարդիկ վառարան են դնում։ Մենք օրինակ վառարան ենք դրել։ Մենք վառարան ունենք ստեղ։ Ճիշտ ա՝ տաք ջուր չունենք, գազ չունենք, որ հաց սարքնենք, բայց վառարանի վրա կսարքենք, մի ձև տակից դուրս ենք գալու։ Բայց էս ամեն ինչը իրանք չեն մարսելու։
Գայանե – Ինձ մի ուրիշ բան էլ ա հետաքրքրում, Միռա, որ ասեցիր տեսնում ես գալիս ա հենց քո տան, հողի վրա կանգնում ա ու ասում ա՝ մենք ստեղի տերն ենք և այլն։ Ես գիտեմ քո պատմությունը՝ որտեղ ես ծնվել, ոնց ես էնտեղից տեղահանվել։ Եթե քո համար էդ ամեն ինչը էս պահին տրավմատիկ չի, կարա՞ս կիսվես՝ Քարին Տակի մասին ու առհասարակ ի՞նչ ես հասկանում տուն ասելով։ Ի՞նչ ա տունը քո համար ու ինչքանո՞վ ա Քարին Տակը տան մասին քո պատկերացման մեջ մտնում։
Միռա – Իրականում էս երևի ամենաշոշափելի ու ամենածանր թեմաներից մեկն ա, որ ես ունեմ ու կաշխատեմ շատ չխորանամ իր մեջ, որովհետև ինքը ավելի շատ էմոցիաները, որ դու զգում ես, կոնկրետ ես չեմ կարող էդ ամեն ինչը փոխանցել բառի միջոցով, այսինքն՝ ես էդ ամեն ինչը ապրում եմ, բայց ինչքան էլ ես բառերը գիտեմ, ես չեմ կարա փոխանցեմ։
Ես ծնվել եմ Քարին Տակում, մինչև 18 տարեկանս ապրել եմ իմ գյուղում ու պատերազմի ընթացքում վերջին անգամ եղել եմ մեր տանը 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 2-ին արդեն դուրս ենք եկել, որովհետև մեր հարսը հղի էր, ուներ նաև փոքր երեխա, իսկ տանը տղամարդ չկար, բոլորը դիրքերում էին ու որպեսզի վատ ծննդաբերութուն չլինի, որովհետև իրեն շատ վատ էր զգում, մաման որոշեց, որ մեզ հանի գյուղից։ Տենց մենք հայտնվեցինք գորսում, որոշ ժամանակ ապրեցինք էնտեղ։ Ես աշխատում էի որպես կամավոր, որպեսզի կարողանայի գոնե մի քիչ ցրվեմ էդ ամեն ինչից, որովհետև անհնար էր պատկերացնել, որ սենց շրջադարձ կլինի, այսինքն՝ վերջնարդյունքը սա կլինի։ Հետո արդեն երբ պապաս վիրավորվեց, ախպերս վիրավորվեց, մենք արդեն Երևան էինք գնացել խնամելու համար ու տարբեր տեղեր էինք մնում, էդպես շատ խառն էր էդ պատմությունը, դրան չանրադառնամ։
Իմ գյուղը էն ամենամաքուր ու բարի վայրերից մեկն ա, որ երբևէ տեսել եմ, որովհետև էնտեղ չկա ոչ մի կեղծիք։ Ես չեմ կարողանում իրան բառերով նկարագրեմ ու շատ ահավոր զգացողություն ա, երբ դու նայում ես ոնց ա եսիմ որտեղից եկած քոչվոր կանգնում-ասում, «Ես ստեղ եմ ապրել, սա իմ հողն ա,» կոտորում ա իրան և այլն։ Ես չեմ կարողանում դրա հետ հաշտվեմ։ Ինչքան էլ ես հիմա չկանգնեմ` իրա պես հոխոր տամ, ասեմ՝ բա գիտե՞ս սա սենց ա, սա սա սենց ա, ես մեկ ա՝ չեմ կարողանում էդ բացատրեմ։ Չեմ հասկանում մարդիկ ինչքան կարան ցինիկ լինեն, որ կանգնեն էդպիսի բան հայտարարեն։ Չնայած էդ իմն ա, ես իրա պես չեմ կանգնում էդքանը ի ցույց դնում՝ չնայած իրանը կեղծ ա, իմը՝ ճիշտ։ Չգիտեմ՝ միգուցե ճիշտ չի, որ չեմ կագնում տենց ինձ կոտորում, որ սա իմն ա, բայց ես իմ մեջ դա տանում եմ ու ինձնից կախվածը անում եմ, որ կարողանամ ուղղեմ մի բան, կարողանամ էս իրավիճակը փոխեմ։ Սենց ասեմ՝ в тишине работаю։
Գայանե – Իսկ ի՞նչ ես կարծում, ինչի՞ց ա տարբերությունը, որ իրանք ունեն տենց նկրտումներ, որ ասեն՝ էս մերն ա, մերն ա։ Արդյո՞ք իրանց պետությունից եկած պրոպագանդան ա, խաղու՞մ ա դեր դրա մեջ։
Միռա – Իրականում ֆակտորները ահավոր շատ են։ Առաջինը՝ իրենց պրոպագանդան, որը ահավոր ուծեղ ա ու մանկապարտեզից սկսած իրանք սկսում են դաստիարակել ու իրանց մեջ սերմանել էդ չարը, ատելությունը, որ հայը սա ա, հայը նա ա։ «Հայ» բառը իրանց մոտ վիրավորանք ա։ Մենք էլ ենք ասում, մեկին, որ «թուրք» ես դիմում, ինքը վիրավորվելու ա, չէ՞ դրանից։ Մենք ունենք դրա պատճառները, որ տենց ասենք, բայց իրանք որ ասում են, իրանք մի ուրիշ ձև են էդ ընկալում։ Ահավոր տեսակի վիրավորանք ա իրանց համար։ Մանկապարտեզից դաստիարակում են, որ հայը սա ա, իրան պիտի սպանես, ինչքան շատ հայ սպանես, էնքան դրախտի դռները քո առջև բացվեն։
Գայանե – Մեկ էլ ես հիշում եմ, կարծեմ հենց դու էիր ինձ ասում, որ ինչ-որ երեխաների համար խաղ ունեն, «Սպանիր Գայանեին» էր կոչվում։
Միռա – Հա, մի քանի տարի առաջ եմ էդ ընթերցել կամ հեռուստացույցով եմ նայել՝ չեմ հիշում ճիշտն ասած, բայց էդպիսի մի բան կար, որ ցույց են տալիս, որ մանկապարտեզում երեխաների համար բերել են մի հատ խաղ, որը իրանք էին պատրաստել ու էդ խաղի մեջ սենց էր՝ սպանիր Գայանեին։ Ու իրանք պիտի ընտրեին գործիքը, պիտի ընտրեին աղջկան ու ոնց են սպանում իրան։ Ես չգիտեմ ինչպիսի դաստիարակություն, դաստիարակություն էլ չեմ ուզում ասեմ, որովհետև դա դաստիարակության ի սպառ պակաս ա։ Ուղղակի պրոպագանդան ինչքան էլ ուժեղ լինի, միթե՞ իրենք մտածելու կարողություն չունեն։ Իրենք էլ հո ինտերնետ ունեն։ Ասես՝ ամեն ինչից կտրված, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում տենց բան չի էլի իրենց մոտ։ Իրանք հո ինտերնետ ունեն, իրան ունեն, չէ՞ առաջադեմ մտածելակերպով ինչ-որ երիտասարդներ, տարբեր ֆորումների են մասնակցում, աշխարհ են տեսնում, փող ունեն, իրանք հո ունեն։ Այսինքն իրենց պետության ներկայացուցիչները իրանց չեն բռնում ամեն տեղ պահում փակի տակ, չնայած, որ հա ինչ-որ միտինգ, որ անում են, հավաքում-պահում են փակի տակ։ Բայց ունեն չէ՞ հնարավորություն օգտվելու տարբեր աղբյուրներից՝ թեկուզ ոչ հայկական աղբյուրներից, բայց տարբեր աղբյուրներից, եթե չեն ուզում հայկականին նայեն։
Գայանե – Էդ առումով ես էլ եմ ինձ հարց տալիս ճիշտն ասած, որովհետև մենք Թուրքիայի հետ էլ էնպես չի, որ լավ հարաբերություններ ունենք, մեծ շփում ունենք, բայց ինչքան, որ ես եմ շփվել էնտեղի քաղաքացիական հասարակության հետ, գիտակից հասարակության հետ, միշտ էն մտքին եմ, որ էնտեղ շատ ավելի բաց ա ու ավելի իրազեկ են, քան Ադրբեջանում։ Ու քանի որ ոչ ես ոչ դու չենք եղել էնտեղ, մի քիչ բարդ ա իմանալը իրականում ոնց ա ներսում, քանի որ համ մենք ենք իրանց համար փակ, չէ՞, համ իրանք են մեր համար փակ։ Ինչքան գիտեմ Ադրբեջանում էլ շատ ֆիլտրված ա ինֆորմացիան՝ որոշ կայքերից չես կարող օգտվել, բայց էլի՝ տխուր ա էն փաստը, որ այսինքն դու էնքան գիտակից չես, որ պրոպագանդան ավելի ուժեղ ա գտնվում, էդ դաժանությունը ավելի ուժեղ ա գտնվում, քան քո մարդկայինությունը, հատկապես՝ էս սեպտեմբերի 14-15ին կնոջդեպքերը, որ տեսանք, նույն քո հորաքրոջ դեպքը։ ինչքան էլ պրոպագանդա լինի, ո՞նց կարա մարդ մարդու նկատմամբ էդ կարգի սարսափելի հանցանքներ գործի։ Ես դրա հետ չեմ համակերպվում։ Դրա ետ մեկտեղ իմ համար հանելուկ ա, քո ասածի նման, որ էսքանի մեջ չեն կարողանում ճիշտը սխալից տարբերեն։
Միռա – Ես միշտ իմ վրա եմ օրինակ բերում, որ փորձում եմ հասկանամ ինչի էս սիտուացիայում էսպես վարվեցի։ Միշտ մտածում եմ՝ ես ի՞նչ կանեի տվյալ դեպքում։ Օրինակ ես մտածում եմ, որ չեմ կարա մարդ սպանեմ, իսկապես չի ստացվի։ Սովորական կենդանուն, որ տեսնում ես ոնց են սպանում, ես վատանում եմ ահավոր, որովհետև դու կյանք ես զրկում։ Էդ կյանքը դու չես տվել, բայց կյանքից դու զրկում ես։ Եթե դու գիտակից մարդ ես, դու հասկանում ես, որ ինչ-որ մեկին՝ լինի դա մարդ կամ կենդանի, ինչ-որ էակի դու զրկել ես կյանքից, որին դու էդ կյանքը չես տվել ու դրա իրավունքը չունես։
Գայանե – Զրկում ես իրան ապրելու իրավունքից։
Միռա – Ապրելու իրավունքը դու վերցնելու իրավունք չունես։ Կապ չունի՝ ինքը կենդանի ա, թե մարդ, բայց էնպիսի տպավորություն ա, որ իրանք չեն մտածում դրա մասին, որ իրանք մարդ սպանեցին, էն էլ սովորական ձևով չսպանեցին՝ տանջելով, տանջամահ անելով սպանեցին։
Գայանե – Ու որ էդ տանջամահ անելով սպանելը խրախուսվում ա իրանց մոտ։ Ես հիշում եմ, որ իմ եղբայրը պետք ա բանակ գնար, ինքը շատ-շատ մտահոգ էր էդ շրջանում՝ ոչ նրա համար, որ ինքը վախենում էր կամ ոնց պետք ա դիրքեր գնար, այլ մի օր մամայիս ասեց, «Ես դրանից չեմ վախենում։ Ես վախենում եմ նրանից, որ կարող ա ստիպված լինեմ մարդ սպանեմ, եթե անհրաժեշտությունը գա»։ Այսինքն ինքը արդեն գիտակցում ա, որ դրա կարիքը կարող ա լինի ու արդեն չի ուզում դա անի։ Իրա մեծագույն վախն էր, որ կարողա հանկարծ կարիք լինի, որ ինքը մարդ սպանի։ Իսկ Ադրբեջանից եկող դիսկուրսը հիմնականում ո՞րն ա, որ եթե դու հայ ես սպանել, դու հերոս ես, ոնց որ եղավ Սաֆարովի դեպքը, չէ՞։ Ոնց որ մենք տեսնում ենք էդ իրանց թանգարանը որ բացել են հայ զինվորների կերպարներով և այլն, որը ուղղակի անմարդկային ա։
Բայց մեկ էլ մենք, որ էս թեմայով խոսում ենք, քննարկում ենք, միշտ ոնց որ հայկական կողմը ամբողջ մեղավորությունը դնի Ադրբեջանի վրա, բայց Ադրբեջանը միակ հանցավորը չի էլի էս ամեն ինչի մեջ։ Ես վստահ եմ, որ միջազգային էդ մեծ խաղացողները շատ մեծ դեր ունեն ու առհասարակ՝ Արցախի խնդիրը որտեղի՞ց ու ումի՞ց սկսեց։ Սկսեց Ռուսաստանից, չէ՞։ Ու Ռուսաստանի հետ կապված շատ տարօրինակ ա Արցախի հարաբերությունը։ Արցախը շատ-շատ ա տուժել ռուսական քաղաքականությունից, հենց ամենասկզբից, էն որ ուղղակի մեր հողերը վերցրեցին ու տվեցին Ադրբեջանին։ Ու հիմա էլ։ Իմ կարծիքով էս բոլոր տարիներին մենք խաղաքարտ ենք Ռուսաստանի ձեռքը՝ մենք էլ, Ադրբեջանն էլ, որովհետև ռուսական իմպերիալիզմը ահագին շահութաբեր բան ա գտել։ Համ իրա ուժն ա ամրապնդում տարածաշրջանում համ զենք ա վաճառում։ Համ մեր վրա ա զենք վաճառում համ Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առուծախ են անում։ հող են տալիս Ադրբեջանին, հող են վերցնում օրինակ՝ Սիրիայում, Թուրքիայի հետ են առուծախ անում։ Ես դիտարկում եմ Ռուսաստանը որպես Արցախի խնդրի հիմքերից մեկը ու ագրեսորներից մեկը։ Դրա հետ մեկտեղ, երբ Արցախում էի, շատ-շատ տեսա, որ լիքը մարդ Ռուսաստանից տեսնում ա որպես փրկիչ։
Մի ուրիշ տխրացնող բան կար ինձ մոտ, որ էն ինչը ռուսաստանը անում ա Ուկրաինայի նկատմամբ, էդ նույնն ա, ինչ Ադրբեջանը անում ա Արցախի/Հայաստանի նկատմամբ, բայց նկատեցի, որ կային էդ ռուսական Z-երով ու Արցախի դրոշով ինչ-որ նշաններ ավտոների վրա, ու չեմ ասում ամբողջ ժողովուրդը Արցախում Ռուսաստանի քայլերը խրախուսում ա կամ արդարացնում, բայց կան որոշ մարդիկ, որ տեսնելով նույն բանը Ռուսաստանն ա անում ուրիշ երկրի նկատմամբ, դրան աջակցում են։ Գիտեմ, որ կա էն բանը, որ երբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Ուկրաինան շնորհավորեց Ադրբեջանին, մարդիկ ասում են՝ իրանք մեր դեմ են և այլն, բայց ինձ թվում ա քաղաքական լիդերների վարքը չպետք ա մեզ անմարդկային դարձնի։ Ուկրաինայի խաղաղ բնակչությունը մեղավոր չի, որ իրանք պրեզիդենտը շնորհավորանքներ ա հղել Ադրբեջանին, մեղավոր չի ու չպետք ա արդարացվի էն, որ Պուտինը ու իրա ռեժիմը իրանց սպանում ա կամ իրանց հողերը վերցնում ա։
Ուզում եմ հասկանամ դու ո՞նց ես վերաբերվում Ռուսաստանի դերին Արցախի խնդրում ու մեկ էլ քո շուրջ դու ո՞նց ես նկատել, մարդիկ ո՞նց են էս ամեն ինչի մասին մտածում։
Միռա – Իրականում շատ դժվար հարց ա, որովհետև սիտուացիան էլ ա դժվար։ Մարդիկ փորձում են գտնեն մի հատ հույս, մի հատ ճրագ դեպի փրկության ու էդ փրկությունը տեսնում են միակ ուժի մեջ, որը Ռուսաստանն ա։ Ես չգիտեմ ինչ ասեմ, որովհետև միշտ իմ հույսը փորձում եմ իմ վրա դնեմ կամ էն մարդկանց, ում ես գիտեմ, ում ես ճանաչում եմ, վստահում եմ։ Տվյալ դեպքում Ռուսաստանը փորձում ա ամեն տեսակի շահ քաղել ու չգիտեմ կոնկրետ ինչ պատասխան տամ էս հարցին, որովհետև օրինակ երբ քայլում ես փողոցով, լսում ես տարբեր կարծիքներ ու կապ չունի դու ուզում էիր լսել էդ կարժիքները, թե ոչ, մեկ ա՝ լսելի են դառնում։ Մարդիկ տարբեր են ու լսում ես, որ «Ռուսաստանը գալու ա մեզ փրկի» կամ «Ամերիկան գալու ա մեզ փրկի» կամ «Հայաստանը մեզնից հրաժարվել ա» կամ «Վսյո, մենք չկանք։ Մենք մեռած ենք»։ Կարծիքներ ես խառը լսում ու քո մեջ փորձում ես վերլուծես։ Ես կարամ ասեմ, որ մեր փրկությունը մենակ մենք ենք։ Եթե հիմա փորձենք գրագետ աշխատենք, այսինքն՝ հույսներս դնենք, ոչ թե ինչ-որ անհատի կամ պետության վրա, որը փորձում ա փշուրներով քեզ գրավի կամ փորձում ա ինքը ստեղծի մի հատ սիտուացիա, որտեղ քեզ ճնշում են, ինքն էլ փորձի քեզ փրկի էդ սիտուացիայում, ես շատ դեմ եմ դրան ու միշտ գտնում եմ, որ քո խելքին դու պիտի ապավինես։ ինչքան խելացի լինես, ինչքան էնպիսի սերունդ կրթես, որը գիտելիքն ա կարևորելու ու հասկանալու ոնց կարելի ա ճիշտ քայլ կատարել, ճիշտ ճանապարհ գտնել, տենց։ Ու ես շատ կարևոր եմ համարում իմ աշխատանքը, որով հիմա զբաղվում եմ1, որովհետև գիտեմ, որ մի բան անում եմ, որ փոխեմ, մի բան անում եմ, որ ստացվի։
Գայանե – Իմ մոտ սենց հարց ա առաջանում, որովհետև Չարենցի խոսքերն ա միշտ մտքիս գալիս, որ ասում ա «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ու ինձ թվում ա էդ մեր ժողովրդի նաև անեծքն ա էդ հավաքական ուժը չունենալը, որովհետև սարսափելի պառակտված ենք եղել ու կանք՝ էդ լինի Հայաստան-Արցախ էդ բաժանումը, էդ լինի թեկուզ Հայաստանի մեջ շրջաններով՝ դու Շիրակցի ես, ես Լոռեցի ե, դու Երևանցի ես, ես Գյումրեցի եմ, էլ չեմ խոսում էդ «Ղարաբաղցի-Հայաստանցի» տարբերությունները, որ դնում են։
Միռա – Ամենանաաբսուրդ բաներից մեկը։
Գայանե – Հա, ու գիտես՝ ես վստահ եմ, որ էդ բաժանումները էնպես չի, որ ինքնըստինքյան ծնված բաներ են, այսինքն՝ էն ուժը, որից ձեռք ա տալիս, որ քեզ պառակտի, բնականաբար պետք ա էս բառերը, էս երևույթները ավելի ամրապնդի, էդ «Ղարաբաղցին, Արցախցին, Երևանցին, չգիտեմինչցին»։ Այսինքն՝ ես վստահ եմ, որ սա բնականոն ծնված երևույթ չի ու սա ինչ-որ ուժի ձեռո ա տալիս, էդ բաժանումը։ Ու սա մի տեսակ ա բաժանման, լիքը ուրիշ տակտիկաներ կան մեզ բաժանելու։ Ու ես քո հետ կիսում եմ էն միտքը, որ պետք ա մենք մեր վրա հիմնվենք ու մեր միասնության, բայց մյուս կողմից սենց ինչ-որ տուպիկի առաջ ես կանգնում, որ նախ՝ էդ միասնությունը չունենք մեծ հաշվով, թե Արցախի ներսում, թե Հայաստանի ներսում, թե Արցախ-Հայաստան հարաբերությունների մեջ, ու երկրորդն էլ, որ մենք էնքան թույլ ենք էս պահին, իրոք թույլ ենք՝ ռազմավարական առումով, դիվանագիտական առումով, ու չունենք կառավարություն, կոնկրետ Հայաստանում կառավարությունը չգիտեմ ինչով ա զբաղված, չունենք կառավարություն, որը կներկայացնի քո ժողովրդի շահերը, ու շահեր ասելով՝ գոնե ժողովրդի իրավունքը, որ ապրի իրա հողի վրա, էն ամենատարրական իրավունքը։ Էստեղ ո՞նց ենք կարողանալու առանց որևէ տեղ հետվելու դուրս գալ էս վիճակից։
Բայց դրա հետ մեկտեղ էլ չեմ ընդունում էդ սև ու սպիտակ երկատվածությունը, որ՝ «կամ Ռուսաստան կամ Ամերիկա/Արևմուտք», որովհետև երկուսն էլ ներկայացնում են ինչ-որ իմպերիալիստ ռեժիմներ ու որի կողմ էլ գնաս, քո ժողովուրդն ա կորցնելու ու տուժելու ու սենց ինչ-որ փակուղու մեջ ես։ Բայց ես ամբողջովին դրժում եմ էդ «կամ էս կամ էն» վիճակը, որովհետև երկուսի պարագայում էլ մենք մեզ կորցնելու ենք, ու Ռուսաստանի պարագայում, ոնց որ դու նշեցիր՝ ինքը ստեղծում ա մի հատ խնդիր, որից պետք ա փրկություն գտնես, հետո գալիս ներկայանում ա որպես էդ փրկությունը, ու դու անընդհատ կախվածության մեջ ես հետը մնում։
Մեկ էլ, Միռա, Ռուսաստանի հետ կապված մի ուրիշ ինձ անհանգստացնող բան կա։ Էդ լեզուն ա։ Երբ Արցախում էի, մարդկանց բարևում էի, ինձ «здравствуйте» էին ասում, «привет» էլ չէ։ «Պրիվետ»-ը ոնց որ վերցրած բառ լինի, չէ՞ արդեն Հայաստանում, որ ես «ողջույն» եմ ասում ինչ-որ մեկին, ինձ «պրիվետ» ա ասում։ Բայց Արցախում զգացի, որ շատ-շատ-շատ ռուսականացել ա լեզուն ու հիշում եմ, կարծեմ դու ասեցիր, որ էդ բառերը դուք էնքան եք օգտագործել, բարբառի մեջ ա մտել, արդեն բնական ա։ Հիմա ի՞նչ ես կարծում՝ երբ լեզուն էնքան մաքուր չի ու վերցրել ա մեզանից շատ հեռու, օտար բառեր, արդյո՞ք դա գաղութացման մի շերտ ա, որովհետև օրինակ եթե խոսենք պարսկերեն-հայերենից, իրար շատ մոտ են։ Մենք շատ նման բառեր ունենք, ինչ-որ մի կետից իրար հետ են գալիս, բայց ռուսերենը մեր մշակույթից, մեր բնիկ մշակույթից կիլոմետրերով հեռու ա, ու ես հավատում եմ, որ ինքը Ռուսական կայսրության ու հետո Խորհրդային էդ սիստեմի կողմից հրված բան ա, այսինքն՝ դա մերը չի, խորթ ա։ Բայց հիմա Արցախում դառել ա «մերը», ու ինչքանո՞վ ա էդ մեզ կտրում մեր բնիկ մշակույթից։ Ինչքանո՞վ ա գաղութացնում մեզ մշակութային առումով։
Միռա – Իրականում բարդ հարցեր ես տալիս, բայց ոչինչ։ Ամեն ինչ սկսել ա նրանից, որ Արցախը ինչ-որ ժամանակով եղել ա Ադրբեջանի կազմում ու ադրբեջանական ԽՍ-ի կազմում ու պետական լեզուն եղել ա ադրբեջաներեն, եղել ա ռուսերեն և ոչ հայերեն։ Այսինքն հայերենը մղվել էր երկրորդ, երրորդ պլան ու դպրոցներում նույնիսկ հայերեն համարյա չէին դասավանդում։ Օրինակ ես հիշում եմ՝ մայրս պատմում ա,որ իրանք անցել ենադրբեջաներեն ու հայերեն ոչ պատմությանն էին անրադառնում, եկեղեցու պատմության մասին խոսք անգամ չէր կարող լինել, հայոց լեզուն շատ վատ էր ուսումնասիրվում, այսինքն՝ ամեն ինչ կատարվում էր էն ժամանակվա իշխանությունների կողմից, որ հայերենը մղվի դուրս ու առաջ էր գալիս ադրբեջաներեն՝ նոր հայտնված քոչվոր լեզու, հավաքական լատինատառերից ու նույնիսկ հայկական տառերից կազմած ինչ-որ այբուբեն ու հայերենը արդեն մղվում էր դուրս։ Էդ ընթացքում պետական լեզուն, ինչպես նշեցի, ադրբեջաներենն էր ու ռուսերենն էր շատ օգտագործվում, քանի որ ընդհանուր Խորհրդային Միությունում լեզուն համարվում էր ռուսերենը։ Ու էդ շատ մեծ ազդեցություն ա ունեցել նրա վրա, որ էստեղ ռուսերենը տարածվի։ էստեղ շատ ռուսական դպրոցներ կային, կրթությունը մեծամասամբ ռուսերեն էր, այսինքն՝ ամեն ինչ համարյա ռուսերենով էր կատարվում, համալսարաններն էին ռուսերեն, ու մեր տատիկ-պապիկները շատ լավ ռուսերեն խոսդում էինք ու մինչև հիմա էլ իրենց խոսակցակաի մեջ շատ են օգտագործում ռուսերեն։
Հենց էդ ա եղել պատճառը, որ մեր դիալեկտում սկսել են շատանալ ռուսական բառերը, բայց մենակ ռուսականը չի՝ կան շատ պարսկերեն բառեր, թուրքերեն էլ կան ու շատ խառը-խառը բառեր են վերցրած։ Իրականում շատ տարբեր են մեր դիալեկտը ու գրական հայերենը, բայց մտածել, որ օրինակ էդ կազդի նրա վրա, որ մենք հայերենը մղենք մի այլ պլան կամ մեր գաղափարախոսությունը կթուլանա, կարծում եմ՝ ոչ, որովհետև դա էդքան էլ ազդեցություն չի ունենում։ Ուղղակի շփվում ենք, բայց մտածել, որ դրա համար մենք Ռուսաստանին կմիանանք կամ Ռուսաստանին ավելի վեր կդասենք, քան մայր Հայաստանը, իհարկե՝ ոչ, որովհետև ցանկացած գիտակից արցախցի դրա մասին շատ լավ մտածում ու հասկանում ա, ու դա թույլ չի տրվում ուղղակի։ Ու ասեմ, որ մեր տատիկ-պապիկները, մեր ծնողներն էինք հիմնականում շատ օգտագործում ռուսերեն։ Հիմա էդքան էլ էդպես չի, ու շնորհիվ նրան, որ մեր կրթությունը հայերեն ա, ընդամենը մեկ ռուսական դպրոց ունենք ամբողջ Արցախում, որտեղ հիմնականում սովորում են էն երեխաները, ովքեր ծնողների հետ ապրում էին Ռուսաստանում ու տեղափոխվել են էստեղ կամ ունեն ռուսական քաղաքացիություն։ Մենակ էդ մարդիկ ենս ովորում էնտեղ, այն էլ էնպես չի, որ ամեն ինչ ռուսերեն ա։ Իրենց անցնում են նաև հայերեն։
Գայանե – Այսինքն ռուսերենի ներմուծումը Արցախի բարբառ, որովհետև Արցախի բարբառը իրենքով էնքան հայերեն ա, ինչքան գրական հայերենը, այսինքն՝ էստեղ խնդիրը ոչ թե բարբառի ու գրական հայերենի մեջ ա, այլ բարբառի՝ մաքուր, բնիկ մեր Արցախի բարբառի ու ռուսերենի։ Բայց փաստորեն ինքը գալիս ա որպես անհրաժեշտություն էդ երկուսից ընտրելու՝ կամ ադրբեջաներենի ազդեցության տակ ընկնելու կամ ռուսերենի, ոնց որ մարդիկ «չարյաց փոքրագույն» են ընտրել։ Բայց հա, ինձ էլ ա շատ ուրախացնում ու հույս տալիս, որ հիմիկվա սերունդը ավելի դեպի հայերեն ա ձգվում։
Մեկ էլ էս բարբառի թեմայով ավտոմատ քրդերը մտքիս եկան, որովհետև օրինակ Թուրքիայում քրդերը երկար ժամանակ իրավունք չեն ունեցել իրենց լեզվով խոսեն՝ Աթաթուրքից սկսած, հիմնադրումից սկսած, ու մարդկանց բառացի տանջել են կամ բանտարկել են նրա համար, որ իրանց լեզվով են խոսում, բայց դրա հետ մեկտեղ Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը, օրինակ՝ Կարսի շրջանում, իրանք պահել են լեզուն ու մինչև էս վերջին տասնամյակները էդ մարդիկ նույնիսկ թուրքերեն չեն խոսացել։ Իրանք պահել էին իրանց լեզուն, դե մեծ սերունդը, տատիկները-պապիկները, թուրքերեն չեն սովորել։
Բայց մեր մոտ էդ պահը տխրացնում ա, որ չի ստացվել։ Մենք ընկել ենք համ էդ սովետական պրոյեկտի տակ, լեզուն փոխել։ Ու որ ասում եմ «սովետական պրոյեկտի տակ», նկատի չունեն սոցիալիզմին դեմ եմ, չէ, ընդհակառակը՝ ես սոցիալիստ եմ, բայց գտնում եմ, որ Խորհրդային Միությունը էլի իմպերիալիստական բան էր ու մեր նման երկրները զոհ են դարձել ինչ-որ տեղ, ոչ թե տնտեսական առումով, այլ հատկապես մշակութային, որովհետև մեր մշակութային շերտից մեզ մասամբ կտրել են։ Ու էս բարբառի հարցը մեշտ սենց ցավ ա մնացել, որ ինչի՞ ենք մենք մեզնից հեռվացել։ Ու դա մենակ Արցախի բարբառը չի։ Հայաստանում տարբեր բարբառներ ունենք, բայց միախառնվել են ռուսերենի հետ, հիմա նաև անգլերենն ա էդ ամենին ավելանում, աբյց կարծում եմ, որ լեզուն հնարավորինս մաքուր պահելը լավ նշան ա։
Մեկ էլ անցյալ օրը մի խումբ մարդկանց հետ խոսում էինք սոլիդարությունից՝ տարբեր ճնշված ժողովուրդների կամ համայնքների։ Հիշու՞մ ես, որ գնացել էինք Ստեփանակերտի ցուցերից մեկին, խոսողներից մեկը ասեց, որ պետք ա մենք համախմբվենք Ադրբեջանում ճնշված համայնքների հետ, օրինակ՝ թալիշների։ Ի՞նչ ա քո համար սոլիդարությունը։ Լինելով, ապրելով Արցախում, մենք հայերս լինելով ճնշված ժողովուրդ՝ հատկապես վերջին տարիներին էդ ճնշումը ավելի ա մեծացել ու հասել էկզիստենցիալ սպառնալիքի, ո՞նց ես պատկերացնում, ո՞նց կարանք սոլիդարություն ցույց տանք այլ ճնշված ժողովուրդների հետ։ Էս պահին մտքիս գալիս են Իրանում ապրող ժողովուրդները։ Ո՞նց կարա Արցախում ապրող ժողովուրդը, որ հիմա շատ ճնշված ա, ցույց տա էդ զորեղացումը, էդ սոլիդարությունը ուրիշ մարգինալացված կամ ճնշված խմբերին։
Միռա – Սպասե մտածիմ։ Իրականում, վեր փորձում եմ գրական մտածիմ, վաբշե ստացվում իչ, վաբշե։ Բառերս խառնում եմ։
Գայանե – Միակ մարդն ես դու, ում Արցախի բարբառը ես ամբողջովին հասկանում եմ։
Միռա – Շատ լավ ա, որովհետև միշտ ասում են՝ կամաց խոսա, ի՞նչ ես ասում։ Շատ շիկառնի ա, որ սովորալս։ Տեսնու՞մ ես՝ էլի ասում եմ «շիկառնի»։ Ասա, հետո ես կխոսիմ։
Գայանե – Ինձ ճանաչելով՝ նկատած կլինես, որ ես մեծ սոլիդարության զգացում ունեմ Պաղեստինի ժողովրդի հանդեպ, ու իրանք անցնում են էն նույնի միջով, ինչ մենք։ Իրանք ունեն իրավունք ապրելու իրանց տներում, իսկ Իսրայելը իրանց բառացի հանում ա տներից, վերացնում, մի բան էլ ասում ա հարկ մուծեք։ Այսինքն ես ֆիզիկապես շատ հեռու եմ Պաղեստինից, բայց էդ սոլիդարությունը իմ ուժերի չափով՝ լինի օնլայն հարթակում իրազեկելով մարդկանց, նույնը քրդական շարժման մասին։ Օրինակ Հայաստանում շատ թյուր պատկերացումներ կան։ Սովորոբար մարդիկ քրդեր ասելով հասկանում են միատարր, միակարծիք մի ժողովուրդ ու նաև անմիջապես հիշում Ցեղասպանության մեջ քրդերի ներգրավվածությունը, բայց չի խոսվում նրա մասին, որ լիքը քրդեր հայերին փրկել են, չի խոսվում Խորհրդային Հայաստանում հայ-քրդական մշակութային ամուր կապերի մասին, ու ունենալով սոլիդարության զգացում, ես փորձում եմ հնարավորինս իրազեկել մարդկանց էդ խմբերի, ժողովուրդների խնդիրների մասին, կապեր գտնել մեր միջև։
Ո՞նց էլ կարանք ավելի ուժեղ համախմբվածություն ունենանք էն ժողովուրդների հետ, ովքեր նմանատիպ խնդիրների առաջ են։ Որովհետև ես վստահ եմ, որ օրինակ պաղեստինցին արցախցուն չի ճանաչում ու ընդհակառակը։ Կամ օրինակ էս պահին Ուկրաինայում պատերազմի նույն խնդրով ապրող մարդիկ, երբ Արցախն էր կրակի տակ, մեծ հաշվով ձայն չէին բարձրացնում Արցախի մասին։ Ոնց որ լիքը ժողովուրդներ նույն բանի միջով են անցնում, բայց աջակցություն են ցույց տալիս էդ ագրեսիան ստեղծողի նկատմամբ։ Չգիտեմ՝ ճիշտ եմ բացատրում, թե չէ։
Միռա – Օրինակ երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մեր մոտից իշխանությունները Ուկրաինա ուղարկեցին մի մեծ ինքնաթիռ
հումանիտար օգնությամբ։ Այսինքն փոքրիկ Արցախը, որը չճանաչված ա աշխարհի կողմից, որին ոչ մեկ չի ուզում ճանաչի, հասկանա, որ էստեղ մարդիկ են ապրում ու հազար տարիներով ապրել են էստեղ, հիմա էդ մարդկանց սերունդները էստեղ ապրում են ու էդ փոքրիկ, չճանաչված պետության մարդիկ ուղարկել են հումանիտար օգնություն հսկա Ուկրաինային։ Էս փաստը չգիտեմ ինչու շատ տեղեր չէին ցուցադրում, չէին խոսում դրա մասին։ Ու չնայած նրան, որ մենք ունենք օգնության կարիք, բայց էստեղից ուղարկել են։ Ըստ իս դա մեծ սոլիդարություն ա մեր երկրի կողմից, որ ուղարկել ենք ինչ-որ օգնություն՝ չնայած, որ կարող ա դա չնչին դիտարկվի, բայց միևնույնն ա՝ օգնություն ա։
Էստեղ բռնության կոչեր չեն անում ոնց օրինակ լինում ա, չէ՞, մեր հարևան պետությունները բռնության կոչեր են անում, որ լավ ասենց անեք, սպանեք։ Ստեղ էդպիսի բան չի լինում, կապ չունի՝ էստեղ կա բռնություն կամ ուրիշ պետություն ա իրականացնում։ Ես օրինակ շատ ընկերներ ունեմ, ովքեր շատ են հրապարակում էդպիսի փոստեր, որ օրինակ էստեղ էս ինչ պատերազմն ա, որ մարդիկ իմանան, որ էսպես բան կա, այսինքն՝ մարդկանց տեղեկացնում են, որ էսպիսի բան ա տեղի ունենում ու ոչ մեկի կողմից չեմ նկատել էդ բռնության կոչը։ Կարող եմ ասել, որ արցախահայության մեջ սոլիդարությունը շատ մեծ ա։ Մենք կողմ ենք խաղաղությանը ու նույնը մնացածին ենք ցանկանում։ Այսինքն, եթե ինչ-որ տեղ կռիվ ա, մենք բան չենք անում, поддерживать։
Գայանե – Հա, չեք աջակցում։
Միռա – Մենք չենք աջակցում։ Չէ, որովհետև մենք էդ ամեն ինչը մեր մաշկի վրա զգացել ենք։
Գայանե – Էդ շատ լավ ա, որովհետև օրինակ երբ Ուկրաինայի պատերազմը սկսեց, օնլայն հարթակներում ես շատ տեսա հայերի կողմից, չեմ կարող ասել կոնկրետ որտեղից էին, տեսա էս կոչը, որ «բա լա՞վ էր, որ երբ մեզ էին սպանում, իրանք ուրախ էին, շնորհավորում էին Ադրբեջանին»։ Այսինքն ասածները նրանում էին, որ ինչ ա, թե Զելենսկին շնորհավորել ա Ադրբեջանին, հիմա օքեյ ա, որ իրա ժողովուրդը տառապի։ Նման փոստեր շատ էին հանդիպում ու դա ինձ սարսափելի ջղայինացնում էր, որովհետև ես մտածում եմ մենք՝ լինելով ժողովուրդ, որը էդքան ցավ ա տեսել, ոչ մի պարագայում չպետք ա ուրիշի ցավի վրա ուրախանա, թեկուզ մի քիչ կամ ասենք էս կերպ արդարություն ա լինում, որովհետև չէ, սա արդարություն չի։ Որ պետությունն էլ բռնություն ա կիրառում, արանքում սովորական մարդիկ են տուժում։ Հիմա թե Փաշինյանն ա իրա համար առոք-փառոք նստած, թե Ալիևը, թե Զելենսկին, թե Պուտինը։ Այսինքն՝ արդյունքում միշտ հասարակ ժողովրդի, աշխատավոր ժողովրդի տղերքն ու կանայք են հիմնկանաում զոհվում։
Էդ ինձ շատ ա ուրախացնում, որ ասում ես Արցախում նման կոչեր չկա հիմնականում։ Իհարկե, ոնց էլ լինի, կլինեն անհատներ, բայց քո տպավորությունն էն ա, որ չկա։
Միռա – Դե հա, կան մարդիկ, ովքեր էդպես մտածում են, իրենք նույնպես էդպիսի կոչ են անում, բայց հիմնականում իմ ընկերները կամ իմ ծանոթները, ովքեր գիտակից մարդիկ են, ինչու՞մ եմ ամեն անգամ շեշտում գիտակիցը, որովհետև եթե մարդ գիտակից չի, ինքը չի կարող էդպիսի գաղափարի եզրահանգել, որ մարդ սպանելը վատ ա, որ եթե դու տեսել ես էդ ամեն ինչը, հեչ պարտադիր չի, որ մյուսն էլ տեսնի։
Վապշե պատերազմը շատ փիս պեն ա, շատ փիս։ Ահավոր պեն ա։ Եթե պատերազմի ժամանակ դու կոչ չես անում, որ մեկը մյուսին սպանեն, կամ ինչքան էլ քեզ ցավացրել են, բայց մեկ ա՝ դու էդ ցավը քո թշնամուն չես ցանկանում, էդ ապացուցում ա, որ դու շատ ուժեղ ես, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։
Գայանե – Ինձ թվում ա կարևոր ա քո մարդկությունը չկորցնել էդ ամեն ինչի մեջ։ Մեկ էլ, Միռա, մինչև վերջացնենք էսօրվա զրույցը, քանի որ իրա հիմնական թեման էդ տան գաղափարն ա, կուզեմ մի քիչ տան մասին խոսենք՝ ոչ թե էն տեղը, որտեղ ապրում ես, այլ ի՞նչ ա տուն ասվածը։
Երեկ հենց էս թեմայով խոսում էի մի շատ մտերիմ մարդու հետ, հասկացանք ինչքան տարբեր բաներ կարող ա տունը նշանակի տարբեր մարդկանց համար։ Իմ համար տունը էդ էն տեղն ա, որտեղ դու ապահով ես զգում՝ ֆիզիկապես, հոգեպես։ Էն տեղն ա, որտեղ դու սպասված ես։ Էն տեղն ա, որտեղ խաղաղ ա։ Ու էդ տունը իմ մոտ սկսում ա մեր թաղամասից ու տարածվում ա ամբողջ հայկականությամբ։ Իմ համար հայկականությունը շատ կարևոր ա ու տան մասին իմ ավելի մեծ, գլոբալ պատկերացման մեջ ա մտնում։ Մեկ էլ երբ ասում եմ հայկականություն, վիզուալ էս պատկերն ա գալիս չգիտեմ ինչի՝ ինչ-որ սար, դաշտանման սար, ծաղիկներ կան էնտեղ ու ինչ-որ կիսաքանդ, քարից շինություն՝ կարող ա լինի վանք կամ ուղղակի քարեր։ Հիշում եմ՝ մի գիրք կա, ֆոտոգիրք ա, Արևմտյան հայաստանի լքված վանքերի նկարներ ա ու պատմությունը։ Էնտեղ մի կամար կար։ Եկեղեցի ա եղել, թե վանք ա եղել, ու էդ կամարը կեսից ջարդված ա, բայց ինքը կանգնած ա։ Կիսվել ա մեջտեղից, բայց կանգնած ա։ Իմ համար դա մի տեսակ խորհրդանշում ա հայ լինելը։
Իմ համար տունը սկսում ա իմ թաղամասից ու ձգվում ա էն ամբողջ հողով, որը պահում ա հայկական հիշողությունը, որովհետև ես վստհ եմ, որ հողը ունի հիշողություն։ Եթե էդտեղի տեղաբնիկները [indigenous people] ապրել են էդտեղ, արարել են էդտեղ, հողը պահում ա էդ հիշողությունը։
Քո պատկերացմամբ ո՞րն ա տունը։
Միռա – Իմ համար տունը էն տեղն ա, որտեղ դու իսկական ես, որտեղ չկա կեղծիք, որտեղ դու դու ես ու չես ձևացնում։ Տունը էն տեղն ա, որտեղ քո ապրումները իսկական են։ Իմ համար տունը սկսում ա իմ տնից։ Էստեղ իրականում ես չեմ համակերպվում։ Սա [Ստեփանակերտի տունը] չեմ կարողանում իմ տունը հաշվեմ, որովհետև ես համաձայն չեմ էն մտքի հետ, որ ասում են՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց» կամ «Որտեղ ընտանիքդ, էնտեղ դու»։ Ես համաձայն չեմ, որովհետև իմ տունը օրինակ գյուղում, ինքը կարող ա շատերի համար ուղղակի չորս պատ ա, բայց իմ համար ուղղակի չորս պատ չի։ Ինքը էն շինությունն ա, որը կառուցել են իմ պապերը, որը հետո պատերազմի ընթացքում քանդվել ա ու հետո իմ ծնողներն են սարքել։ Իմ համար տունը էն տեղն ա, ինչը կառուցվել ա երազանքների վրա։ Այսինքն էնտեղ դու քեզ խաղաղ ես զգում, հանգիստ ես զգում, ապահով ես զգում, իսկական ես, սպասված ես, սիրված ես։ Ինչքան էլ փոթորիկ ա մեջդ, ինչքան էլ ամեն ինչ քեզ փորձում ա կոտրի, ինչքան էլ քեզ վատ ես զգում, մեկ ա՝ ինքը էն տեղն ա, որը քեզ բուժում ա։
Ես շատ եմ ասում, որ դիտեն Harry Potter ֆիլմը։ Միշտ ասում եմ մի ինը անգամ նայել եմ ու մարդիկ ասում են՝ «Լավ, դե, ինը անգամ նայել կլինի՞ էտի»։ Իրականում խի՞ եմ շատ նայում, որովհետև երբ դեռ գյուղում էինք, մի պահ կար իմ մոտ, որ շատ վատ էի ինձ զգում, ու էդ օրը երեկոյան, երբ մենակ էի սենյակում, միացրեցի հեռուստացույցը ու Harry Potter-ն էր գնում։ Նստել էի իմ համար, տաքու՜կ, ծածկոցով ծածկվել ու նայում էի։ Էդ հանգստությունը մինչև հիմա կա իմ մեջ։ Այսինքն ես նայում եմ էդ ֆիլմը ոչ թե նրա համար, թր ֆիլմն ա իմ վրա մեծ տպավորություն թողել, այլ իմ համար կարևոր են էն զգացողությունները, որ ես ապրել եմ էն ժամանակ ու հիմա փորձում եմ վերականգնել։
Պատերազմից հետո ես էնքան էի կոտրված, որ ժպտալը, իսկական ժպիտ ցույց տալը հնարավոր չէր։ Այսինքն դու հա, ժպտում էիր, բայց կեղծ էր քո ժպիտը։ Էդ էնքան դժվար ա, որ խառնվում են էմոցիաներդ, որ չես հասկանում իրականությունը ու փորձում ես կտոր-կտոր հավաքել էն, ինչ դու կայիր պաըտերազմից առաջ ու էն, ինչ կաս պատերազմից հետո, շատ տարբեր կերպարներ են ու տարբեր գաղափարախոսությամբ, ու մինչև դու փորձում ես կտորներով վերականգնել, կարկատել, սարքել էն կերպարը, որը առաջ կար, էդ շատ դժվար ա ու դրա մեջ մեծ դեր ա խաղում տունը։ Ահավոր մեծ դեր ա խաղում։ Իմ համար իմ տունը էն տեղն ա, որտեղ մնացել են իմ երազանքները, որտեղ մնացել ա իմ ապագան։ Ես իրա հետ էի կապում ամեն ինչ։ Ես իրան էնքան շատ էի սիրում, ու հիմա էլ շատ եմ սիրում։
Պատերազմից հետո շատ ա լինում, որ վեր ես թռնում տեղիցդ, մտածում ես, որ չէ՜, երազ ա, երազ ա, դու հիմա քո տանն ես, շոշափում ես պատերը, էն ամեն ինչը, որ կողքիդ կար ու հասկանում ես, որ երազ չի՝ դառը, դաժան իրականություն ա, որի հետ դու ուղղակի չես կարում համակերպվես ու որի հետ պետք էլ չի, որ հաշտվես։ Ոչ թե դու պիտի ապրես դրանով, այլ պիտի աշխատես, որ փոխես էդ իրականությունը։
Գայանե – Այսինքն, Միռա, էս տունը, որտեղ դու պատերազմից հետո դու ապրում ես, արդեն երկու տարի ա Ստեփանակերտի էս տանն ես ապրում, ինքը նույնքան խո՞րթ ա, ինչքան սկզբում։ Ոչ մի ձև դեռ չի՞ դարձել քո երազանքների տեղը։
Միռա – Ինքը չի էլ դառնա երազանքների տեղ, որովհետև նույնիսկ մոտ չի, իմ պատկերացման տանը։ Սա զուտ որպես կացարան եմ դիտարկում, որովհետև տան տերերն էլ մեծ նշանակություն ունեն։ Ինչքան էլ տունը վատ լինի, եթե տան տերը լավ մարդ ա ու կարողանում ա հասկանա քո ցավը մի չնչին տոկոսով, դու սկսում ես ավտոմատ սիրել էդ տունը՝ կապ չունի, թե լավն ա, վատն ա։ Չեմ էլ մտածում, որ կարող ա ինչ-որ պահ գա, որ էս տունը դառնա ինձ հարազատ։ Չեմ ուզում ու չեմ ուզում համակերպվեմ էս իրականության հետ։ Ես միշտ մտածում եմ, որ ես դեռ գնալու եմ [հետ դեպի Քարին Տակ]։ Չնայած կարող ա հիմա իմ տունը քանդվել ա կամ վնասել են, դե պարզ ա, որ մեջը սաղ թալանել-տարել են, բայց ինչքան էլ լինի, մեկ ա՝ վերականգնելու ենք, էնտեղ ապրենք։
Գայանե – Ինձ հիացնում ա քո հավատը, որովհետև ուծ ա գալիս։ Գիտե՞ս մեկ էլ ինչն ա հետաքրքիր։ Ես երբեք չեմ ունեցել իմ տունը, որովհետև մենք փոքրուց վարձով ենք ապրում ու ոնց որ իմ մոտ տունը հենց քարից սարքած էդ տարածքը չի։ Ինքը ավելի շատ մտավոր տարածք ա ու երևույթ ա, բայց քո պարագայում ես իրոք զգում եմ, որ ֆիզիկական հիմք էլ ունի ու շոշափելի հիմք ունի։ Ու ես իրոք հույս ունեմ, որ դու մի օր իրոք հետ ես գնալու քո տունը ու քո երազանքների մոտ։
Շնորհակալ եմ քեզ, որ կիսվեցիր քո մտքերով։ Կոզւե՞ս ինչ-որ բան ավելացնել կամ ինձ հարցնել։
Միռա – Կա՞ իմ մասին, վեր։ Ժողովուրդ, մեր լեզվավ խոսեցի։
*ծիծաղ*
Բեր պատառ մեր լեզվավը խոսիմ, լավ։
Գայանե – Պատառ ձեր լեզվավը խոսիր։
Միռա – Գիդումըս ո՞նց ա, որ գրական խոսում ում, ոնց որ մի հատ բարիեռ լինի, կտրում ա քու ուղեղդ ու լեզուդ։ Ես, վեր ուժե փոխում եմ, օզում գրական խոսիմ, միտքս կտրվում ա։ Ես հասկանում չում խի ա տի, բայց ես սկսում եմ բարբառով խոսիմ, միտքս սկսում ա աճել, ղյաշա՜նգ [գեղեցիկ]։
Գայանե – Որովհետև քո լեզուն ա։ Ինչի՞ ա բարիեռ սկսում, որովհետև սա ա քո լեզուն։ Բարբառն ա քո լեզուն։ Ու երբ, որ ասում եմ ռուսերենը մտել ա մեր լեզու, ինքն էլ ա սկզբում բարեռ եղել, այսինքն՝ էդ մերը չի եղել։ Հիմա քո լեզուն Արցախի բարբառն ա, դու դրանով պիտի խոսես, որովհետև ինքը քոնն ա։ Ոնց որ իմը էս հայերենն ա։ Ու դրանում ա հենց լեզվի ու քո կապը քո ինքնության հետ։
Միռա – Ինքն ա իմ տունս։ Օրինակ ես, վեր կյամում Երևան, ինձ միշտ պենըն անում՝ հասկանում չում։ Ասում եմ՝ հասկացեք։ Ես գիդում չում, միշտ մտածելիս եմ եղել՝ խոսիմ գրական, վեր մարդ ինձ հասկանա, վեր ուրյան հետ էլ լավ լինի, կոմֆորտ լինի, բայց պոչեմու-տը ոչ մեկ մտածալ չի, ինձ էլ տի ա դիսկոմֆորտ։ Չնայած ես գրականը շատ-շատ եմ սիրում, սիրում եմ մեր դասականներին, կարդում, հիանում ում, բայց խոսակցականս ես նախընտրում եմ բարբառավ խոսիմ, որովհետև սա ա իմ տունս։ Ինձանա խլալըն էն ամենակարևոր պեները, ինչ չպիտի մարդու անա խլին։ Եթե դու օզում ես մարդ լինի պոլնացեննի մարդ, իսկական մարդ, իրա ամեն արժեհամակարգը, օրինակ՝ իմ շենս, իմ տունս, իմ ամեն ինչս, ինձանա դա խլալըն։ Իմ մեջս մնացալ ա միակ բաներից մինը, ինչ ինձ սարքում ա ես։ Լեզուս ա մինակ, բարբառս ա։ Ինձանա սաղ խլալըն, ես ուրյան [ բարբառին] դավաճանիմ, էլ ես ինչա՞վ եմ ես։ Ու ես իրան հաշվում եմ որպես մի հատ ժիվոյ օրգանիզմ, վերը ապրում ա նրանավ, ես վեր իրան օգտագործում եմ, խոսում, ու երբ ես սկսում եմ իրանավ չխոսել, չօգտագործել, ինքը թուլանում ա, մաշում ա, ու գիդումչում, ինձ ցավ ա դա պատճառում։ Լավը գիդումը՞ս վերն ա, վեր շատերը օզում են սվերին։
Գայանե – Մենք, որ հանդիպեցինք, ես հասկացել էի, որ դու բարբառով ես խոսում, որովհետև դու էդպես ես ուզում, քեզ հարմար ես զգում։ Դրա համար քեզ ամենասկզբից չեմ ասել երբեք, «Միռա, իմ հետ գրական հայերեն խոսի»՝ չնայած ինքս գրական հայերեն չեմ խոսում։ Ու շատ խրախուսելի ա, որ դու բարբառը պահում ես։
Երբ գնացել էի Մարտունի, Հադրութից տեղահանված մի կնոջ հանդիպեցի։ Էդ կինը նույն բանը ասեց։ Մարտունիում իրան ասում են ոչ թե Արցախի բարբառով մի խոսա, այլ Հադրութի՛ բարբառով մի խոսա։ Ու ինքը ասել էր, «Դա միակ բանն ա, որ ինձ մնացել ա Հադրութից։ Դա էլ թողնե՞մ»։ Քո ասածի նման՝ դավաճանություն կլինի։
- Այս պահին Միռան աշխատում է Թումո կենտրոնում՝ որպես ուսուցանող մարզիչ։↥